ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Մեր իրական հերոսների փոխարեն «հերոս» ենք դարձնում նրանց, ովքեր ընդամենը մասնակցում են ուրիշների կազմակերպած բեմադրություններին

Մեր իրական հերոսների փոխարեն «հերոս» ենք դարձնում նրանց, ովքեր ընդամենը մասնակցում են ուրիշների կազմակերպած բեմադրություններին
29.11.2026 | 15:47

Հարց՝ պրն. Կարօ Փալեանին

Պրն. Կարօ Փալեան, տարիներ առաջ Թուրքիայի մեջլիսում վայրագորեն սպանված հայ մտավորականների լուսանկարներով հանդես եկաք՝ աշխարհին, և հատկապես միամիտ հայերին, համոզելու, թե Թուրքիան այլևս այն երկիրը չէ, որը ցեղասպանեց հայ ժողովրդին, կողոպտեց նրա ունեցվածքը, յուրացրեց նրա հայրենիքը և բռնի ուժով արմատախիլ արեց նրան իր պատմական հողերից։

Մի հարց ունեմ Ձեզ։

Այդ լուսանկարները ցուցադրելուց բացի՝ արդյո՞ք նույն այդ մեջլիսում որևէ թուրք պատգամավոր կամ անհատ մոտեցավ Ձեզ և, որպես իր նախնիների գործած ոճրագործությունների ժառանգորդ, ներողություն խնդրեց հայ ժողովրդից։

Ո՛չ։

Գիտե՞ք ինչու։ Որովհետև այդ ամենը կազմակերպված չէր ներողություն խնդրելու, պատմական արդարությունը վերականգնելու կամ հայ ժողովրդի ցավը ճանաչելու նպատակով։ Այն պարզապես հերթական բեմադրությունն էր՝ աշխարհին և միամիտ ամբոխին ցույց տալու, թե Թուրքիան, իբր, ժողովրդավար, ազատամիտ և հանդուրժող պետություն է, որտեղ նույնիսկ հայ պատգամավոր կա, որն ազատորեն խոսում է մի ցեղասպանության մասին, որի գոյությունը Թուրքիան մինչ օրս չի ընդունում՝ առանց որևէ սպառնալիքի ենթարկվելու։

Պրն. Փալեան, վստահ եմ, որ այս ամենը Դուք էլ շատ լավ գիտեք և ակտիվորեն մասնակցել եք այդ պարզունակ բեմադրությանը։ Դա ինձ չի զարմացնում։

Ինձ զարմացնում է մեկ այլ բան։

Երբ Դուք, իբրև «հերոս», այցելում էիք հայկական գաղութներ, Ձեզ միամտորեն դիմավորում ու մեծարում էին հենց նրանք, ովքեր իրենց քաղաքական գործիչներ են համարում։ Նրանցից շատերի ապշած, հիացմունքով լի դեմքերով լուսանկարները, որոնք տեղադրվում էին Facebook-ում, դեռ չեմ մոռացել։ Այնպիսի տպավորություն էր, կարծես երկնքից Հիսուսն էր իջել։

Իսկ իրականում ո՞վ եք Դուք։ Քաղաքական գործի՞չ։ Ո՛չ։ Դուք պարզապես պարապ-սարապ մարդիկ եք, որոնք ինքնահաստատվելու, իրենց ցույց տալու և ուշադրության կենտրոնում լինելու համար քաղաքական գործչի դեր են ստանձնել։

Հայրենասիրական լոզունգների տակ թաքնված հերթական Փալեաններն եք՝ առանց իրական քաղաքական բովանդակության, առանց սկզբունքների և, ամենակարևորը, առանց այն գիտակցության, թե ինչ է նշանակում ազգային արժանապատվություն։

Եվ ցավալին այն է, որ մեր իրական հերոսների փոխարեն մենք երբեմն «հերոս» ենք դարձնում նրանց, ովքեր ընդամենը մասնակցում են ուրիշների կազմակերպած բեմադրություններին։ Իսկ ազգային արժանապատվությունը չի չափվում մեջլիսում ցուցադրված լուսանկարներով, ծափահարություններով կամ հայրենասիրական լոզունգներով։ Այն չափվում է ճշմարտության հանդեպ ունեցած հավատարմությամբ, սկզբունքներով և սեփական ժողովրդին չխաբելու համարձակությամբ։

Հայ ժողովուրդը հերոսների պակաս չունի։ Նա պարզապես պետք է սովորի տարբերել իրական հերոսներին բեմադրված հերոսներից։

Հարութ Սասունյան

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ